Պարույր Հայրիկյանն այսօր ասել է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը ոչինչ չի փոխի և բացատրել, թե նախագահի հրաժարականից հետո երկրի ղեկը անցնում է ԱԺ նախագահին կամ վարչապետին, ովքեր նույն թիմի ներկայացուցիչներ են: Հայրիկյանի կարծիքով հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը պետք է նշանակումներ անի և «բանիմաց վարչապետ» նշանակի: Հայրիկյանի այօրվա հայտարարությունները պարադոքսալ տրամաբանության տիրույթում են պարզապես: Եթե երկրի նախագահը հարկադիր հրաժարական է տալիս, քանի որ հրաժարականի շարժառիթն ասվածը այլ կերպ հնարավոր չէ պատկերացնել` այն լինում է միայն այս կամ այն հանգամանքով պարտադրված-հարկադրված, նշանակում է տվյալ նախագահը իր համար անցանկալի քայլ է կատարում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ տվյալ նախագահը, ով հակառակ իր ցանկության հեռանում է, իրենից հետո իր թիմը պահպանելու խնդիր պետք է ունենա: ՈՒրեմն ի՞նչ տրամաբանությամբ Սերժ Սարգսյանը կնշանակի վարչապետ ոչ իր թիմից: Մյուս կողմից` Հայրիկյանի ասածը գուցե տրամաբանական է, բայց նույն տրամաբանությունը նրա խոսքերից բացակայում էր ընդամենը երկու ամիս առաջ, երբ նա կարծիք էր հայտնում Հայաստանի` ՄՄ-ին անդամագրվելու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության վերաբերյալ: Սեպտեմբերի 4-ին ԱԻՄ-ն ընդդեմ ՄՄ-ի տեղի ունեցած ակցիայի ժամանակ Հայրիկյանն ասել էր. «Սերժ Սարգսյանն էլ, բոլոր իշխանավորներն էլ ժամանակավոր են: Այդ ժամանակը կարելի է կրճատել, եթե իրենց լավագույն ձևով չեն դրսևորում»: Ի՞նչ փոխվեց երկու ամսում, որ Հայրիկյանի դիրքորոշումը թեական երանգներ ստացավ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ